Բելառուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Բելառուսի միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ պետք է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է տարանցիկ, երրորդ երկրներից և դեպի երրորդ երկրներ բեռների փոխադրման թույլտվությունների վերաբերյալ հարցեր։
Բելառուսական կողմը խնդրել է, բացի համաձայնեցված քանակից, այս տարվա համար ավելացնել ևս 700 թույլտվություն։ Նախարար Սանոսյանն ասել է, որ այդ թույլտվությունները մեկ-երկու օրվա ընթացքում կտրամադրվեն։
Հանդիպմանը ներկա ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն էլ նկատել է, որ հայկական կողմն առաջարկում է երրորդ երկրներից և դեպի երրրոդ երկրներ բեռների տեղափոխումն առհասարակ իրականացնել առանց թույլտվությունների՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ և ԲՀ միջև առկա միջպետական համաձայնագրերում։
Դեսպանը նշել է նաև, որ բելառուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում նաև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ և ցանկալի կլինի ճանապարհաշինության մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել նաև բելառուսական ընկերությունների, որոնք մասնագիտացված են այդ ոլորտում։
Նախարարը նկատել է, որ տեղյակ են բելառուսական ընկերությունների աշխատանքին ճանապարհաշինության ոլորտում և համագործակցության արդյունքում հնարավոր է երկուստեք շահավետ լուծումներ գտնել։
Կարծիքներ