Ալեն Սիմոնյանն ու Արամ Վարդևանյանը բանավիճեցին Արցախի բանակցային գործընթացի հարցով
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը բանավիճեցին Արցախի բանակցային գործընթացի առնչությամբ:
Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացին, նշեց՝ ցավում է, որ ԱԺ ամբիոնից հերթական անգամ իշխանականների կողմից ներկայացվեց այն, ինչն իր գնահատմամբ մանիպուլյատիվ ձևով ներկայացվել է վերջին 3 տարիներին:
Վարդևանյանը հիշեցրեց վերջերս ՌԴ ԱԳՆ-ի արած հայտարարության մասին, որում ԱԳՆ-ն հիշեցրել է ԼՂ հակամարտության փուլային լուծման տարբերակի մասին, այսինքն` Լավրովի պլանի մասին: «Բառացի եկեք նշենք, հայերեն պատշաճ թարգմանություն կա: Երկու շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, կամ քննարկվում էր այդ հարցը, ինչը պետք է ուղեկցվեր ԼՂ կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ: Ասել, թե սա նշանակում է 7 շրջան՝ ոչնչի դիմաց, դա ուղղակի մանիպուլյացիա է, դա ուղղակի ճշմարտությունից խուսափելու հարց է: Կարգավիճակի պարտադիր կապակցումը կարգավիճակի պարտադիր կապակցումն է, դա ինչ-որ բարդ միտք չէ: Դա նշանակում է, որ մինչև կարգավիճակը չլուծվի, այն երկու շրջանի հարցը ոչինչ չի լինելու…»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ Ալիևը վատ երազներում է տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց գաղտնի բանակցությունների մեջ:
Ալեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով ելույթին, մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեջ:
«Միգուցե իրավական հարցերով բավականին տեղեկացված եք, բայց խնդրում եմ՝ բանակցային այդ մանրուքների մեջ մի մտեք, որովհետև այդտեղ ջախջախիչ պարտություն կկրեք, քանի որ առնվազն 2 շրջան ասելիս մի մոռացեք, որ այդ երկու շրջանը Արցախի Սահմանադրությամբ հանդիսանում են Արցախի տարածք և այլն: Կարգավիճակի մասին խոսելիս խնդրում եմ տեսեք, թե արդյոք այնտեղ կա՞ր որևէ հստակ բան, և վերջիվերջո, բա որ այդ ամեն ինչն այդքան լավ էր, ինչո՞ւ չարեցիք դուք»,- ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով Վարդևանյանին:
Կարծիքներ