ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման դեպքով վարույթի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի՝ 83-ամյա բնակչի առևանգման դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:
Պարզվել է նաև, որ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում»- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 11-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի 83-ամյա բնակիչ Գրիշա Քոքոբելյանի առևանգման կասկածանքով Իջևանի երկու բնակիչ է ձերբակալվել: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության կապի և լրատվության վարչությունից՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 27-ից անհետ կորած համարվող Գրիշա Քոքոբելյանին իրականում առևանգել են:
Նշվել էր, որ անհայտ անձը կապ էր հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ էին արձակել։
«Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ.-ն և 25-ամյա Արմեն Ք.-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում», - հաղորդել էր Ոստիկանությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը ու ևս երկու հոգի: Քոքոբելյանի խոսքով՝ նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:
Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ միջոցառումներ էին սկսել նրան հայտնաբերելու նպատակով։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ