ՀՀ Ազգային ժողովի նախագահը Հունաստանի գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը և բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ: Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջն առաջարկել է քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Ալեն Սիմոնյանը Հունաստանի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Նիկիտաս Կակլամանիսի կողմից:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը շրջել է Հունաստանի խորհրդարանի շենքում և ծանոթացել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի առանձնահատկություններին: Հայաստանի ու Հունաստանի խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել նաև մամուլի համար հայտարարությամբ:


Կարծիքներ