«Հայաստան» դաշինքը ևս դե՞մ է քվեարկել ԵԽԽՎ-ի հայամետ բանաձևին
Օրեր առաջ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունվեց խիստ հայամետ բանաձև, որում բացի Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ամրագրումից հիշատակվում էին նաև Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների վերադարձի և Արցախի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտության մասին դրույթներ։ Բանաձևին թուրքական և ադրբեջանական պատվիրակության հետ միասին դեմ էր քվեարկել նաև «Պատիվ ունեմ» դաշիքնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Մամիջանյանի գնահատականն արդեն տվել է հանրությունը, և եթե վերջինս բարոյականության որևէ նշույլ ունենար, ապա արդեն պետք է մանդատը վայր դրած լիներ ու հեռանար քաղաքականությունից։ Ի հեճուկս հանրային կոշտ արձագանքի՝ Մամիջանյանը նույնիսկ «գլուխ գովաց»՝ ասելով, որ չի փոշմանել հայանպաստ բանաձևին դեմ քվեարկելով։ Այս պատմության մեջ կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը մնաց ստվերում։
ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ունի 4 հիմնական անդամ՝ 4 ձայն. անդամներից երեքը իշխող խմբակցությունից են, մեկը` ընդդիմությունից։ Ընդդիմության հիմնական անդամ է հանդիսանում ոչ թե Հայկ Մամիջանյանը, այլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Վերջինս սակայն բոյկոտել է միջազգային կառույցներում իր աշխատանքը և ԵԽԽՎ-ում, ՀՀ-ի համար այս կարևորագույն քվեարկության օրը իր ելույթի և քվեարկության իրավունքը տվել է Հայկ Մամիջանյանին։
Արմեն Գևորգյանն այդ խայտառակ քվեարկությանը հաջորդած օրերի ընթացքում խորհրդավոր լռություն է ցուցաբերում՝ չդատապարտելով Հայկ Մամիջանյանի՝ իր տված քվեով Հայաստանի դեմ իրականացրած խայտառակ քայլը։ Կարելի է արձանագրել, որ Գևորգյանը իր լռությամբ հաստատում է, որ ինքը ևս այդ իրավիճակում կվարվեր նույն կերպ, ինչպես վարվեց Հայկ Մամիջանյանը և դեմ կքվեարկեր Հայաստանի համար անչափ կարևոր բանաձևին, ինչը բոյկոտելու համար թուրք-ադրբեջանական տանդեմը ահռելի ռեսուրսներ էր ներդրել։
Կարծիքներ