Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած մարդասիրական օգնության տրամադրման համար, ապա ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից նախատեսվող և իրականացվող բարեփոխումները։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ԱՍՀՆ համար այս պահին առաջնահերթություն է զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան աշխատանքի միջոցով սոցիալական տարբեր խնդիրներ լուծել։
«Նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ինը ծրագրերը նպատակ ունեն մարդկանց ինքնաբավ դարձնել, հնարավորության տալ ինքնադրսևորվել և սեփական միջոցներով ստեղծել կայուն եկամուտ։ Նախարարության կողմից այժմ աշխատանքներ են տարվում դրանց արդյունավետության գնահատման և նոր ծրագրերի իրականացման հնարավորության ընդլայնման ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամի կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության տրամադրմանը (Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ հիմնադրամի միջոցով շուրջ 175 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Հայաստանին)` «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանն անդրադարձել է իրենց կողմից ներկայումս իրականացվող սոցիալական ծրագրերին․
«Հիմնադրամի գործող զարգացման ծրագրերն ունեն երկու ուղղություն․ դրանց մի մասն ուղղված է սոցիալական վերաինտեգրմանը, իսկ մյուս ծրագրերն ունեն բժշկական բնույթ, որոնց միջոցով փորձում ենք վերականգնողական կենտրոններում խթանել ֆիզիկական և հոգեբանական բուժօգնության կազմակերպման գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը»։
Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր տարբերակները՝ հույս հայտնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվելիք ծրագրերը կնպաստեն առկա սոցիալական հիմնախնդիրների կարգավորմանը։
Կարծիքներ