ԶՊՄԿ-ում կոռուպցիոն սխեման իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակ. նա ընդունել է մեղքը և վճարել 15 մլրդ դրամ

ԶՊՄԿ-ում կոռուպցիոն սխեման իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակ. նա ընդունել է մեղքը և վճարել 15 մլրդ դրամ

Մի քանի օր առաջ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ քրեական գործի շրջանակներում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ, որը վերջին տարիների ամենախոշոր վերականգնումներից մեկն է:

Լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադառնալով այս քրեական գործին նշեց՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետևանքով պետությանը պատճառվել է 15 մլդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս, իրականացվել է գործարանի տնօրեն Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում։

«2016 և 2017 թվականներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և ԱՄԷ-ում հաշվառված ընկերությունների միջև կնքվել են սթրիմինգային պայմանագրեր, ըստ որի` խտանյութի օտարումն իրականացվել է միջանկյալ օղակի միջոցով»,- ասաց Բադասյանը։

Նա նկատեց, որ եթե խտանյութի միջազգային շուկայական գինը եղել է 6500 դոլարի շրջակայքում, պայմանավորվել են, որ այդ միջանկյալ օղակին խտանյութը պետք է վաճառեն օրինակ 2000 դոլարով։ Արդյունքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» չի մտել այն գումարը,  որը կմտներ այլ պայմաններում, եթե չլիներ միջանկյալ օղակը։

Կառավարության նիստի ընթացքում էլ անդրադառնալով այս դեպքին, Բադասյանը հայտնել էր, որ ԶՊՄԿ նախկին տնօրենը նպատակ է ունեցել քայքայել հարկվող շահույթը: Նա ընդունել է մեղքը և վճարել 15 մլրդ դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում