Կրկին համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն․ հայ պատգամավորները Ստրասբուրգում են
Հայկ Կոնջորյանը, Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակում են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ ենք ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում:
Մասնավորապես, հանդիպել ենք ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի և այլ պատգամավորների հետ:
Հանգամանորեն ներկայացրել ենք Հայաստանին սպառնացող վտանգները և մեր հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները:
Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն, և արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեք»,-ասված է Կոնջորյանի գրառման մեջ:
Կարծիքներ