Վրաստանում Բերիայի ամառանոցը մոտ 800 հազար դոլարով է վաճառվել
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության պետական գույքի կառավարման գործակալությունը աճուրդում 2.5 միլիոն լարիով (ավելի քան 782 հազար դոլար) վաճառել է Թբիլիսիի մերձակայքի Կոջոր գյուղ-առողջարանում գտնվող՝ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիայի ամառանոցը: Այս մասին երկուշաբթի Сommersant.ge վրացական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է օբյեկտի սեփականատեր դարձած «Իբերոտել» ընկերության տնօրեն Իվանե Բարբակաձեն:
Ընկերությունը դեռ չգիտի, թե շենքը ինչի է վերափոխելու: Բարբակաձեի խոսքով՝ պետք է խորհրդակցի բիզնես գործընկերների հետ: «Երբ վերջնական համաձայնության կգանք գործընկերների հետ, այդ ժամանակ մանրամասներ կներկայացնենք: Ես չգիտեմ, թե երբ ավելի մանրամասն տեղեկատվություն կունենանք: Դա մեզանից չէ կախված: Մենք դեռ բանակցություններ ենք վարում նրա հետ, ով պետք է իրականում զարգացնի այս տարածքը», - ասել է նա:
Տան ընդհանուր տարածքը հարակից տարածքի հետ միասին ավելի քան 22 հազար քառակուսի մետր է: Օբյեկտի մեկնարկային գինը եղել է ավելի քան 1,2 մլն լարի (ավելի քան 375 հազար դոլար): Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը Բերիայի ամառանոցը աճուրդի է հանել պետական գույքի մասնավորեցման համար նախատեսված «100 ներդրումային առաջարկ բիզնեսին» ծրագրի շրջանակներում:
Կոջորում գտնվող ամառանոցը կառուցվել է ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում եւ առանձնանում է իր արտասովոր ճարտարապետությամբ ու երկնագույն երանգով: ԽՍՀՄի-ի ժամանակ կալվածքը դարձել է կառավարական ամառանոց, որտեղ հանգստանում էին պետության բարձրագույն պաշտոնյաները, այդ թվում՝ Բերիան: ԽՍՀՄ փլուզումից հետո Բերիայի ամառանոցը վերածվել է մանկական ճամբարի, սակայն հետո պարզվել է, որ շինությունը լքված է: Այն մինչ այժմ գտնվել է պետության հաշվեկշռում:
Կարծիքներ