ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ հայ-հունական դարավոր բարեկամական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և մշակութային արժեքների վրա, և իր պատրաստակամությունը հայտնել առավել ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով` կարևորելով տարածաշրջանային մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու գործընթացը:
Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և իրավահավասար գործընկերության սկզբունքների վրա հիմնված՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, հետագայում ևս կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ։
Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտնել է, որ մեծ ուրախությամբ կշարունակեն երկկողմ բարեկամական կապերի ամրապնդումը` վստահություն հայտնելով, որ Լիտվայի և Հայաստանի միջև առկա երկխոսությունն ու համատեղ նախագծերը կծառայեն երկու ժողովուրդների շահերին:
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, բարձր գնահատելով Արարատ Միրզոյանի՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ունեցած ներդրումը՝ Հայաստանի և Լեհաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռնվի հանդիպելու և քննարկելու երկու երկրների միջև երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության առավել ակտիվացման ուղիներն ու հեռանկարները։
Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ Ռումինիան պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունն ու գերատեսչությունների միջև փոխադարձ կապը, և մաղթել հաջողություններ կարևոր պաշտոնում։
Սերբիայի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը նշել է, որ հայ-սերբական սերտ բարեկամական կապերը կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Սերբիայի միջև հաստատված բազմոլորտ համագործակցության համար՝ հայտնելով սերբական կողմի պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։
Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը, շնորհավորական ուղերձ հղելով Արարատ Միրզոյանին, համոզմունքն է հայտնել, որ հայ-թուրքմենական հարաբերությունները կշարունակեն հետագայում ևս ամրապնդվել և զարգանալ՝ ի բարօրություն երկու երկրների։
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն վստահություն է հայտնել, որ անկեղծ բարեկամության հիման վրա ձևավորված հայ-իտալական հարաբերություններն ավելի կամրապնդվեն համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնն իր շնորհավորական նամակում, մասնավորապես, նշել է, որ, վստահաբար, երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն հենարան ծառայել՝ տարբեր ձևաչափերում համագործակցության առավել արդյունավետ զարգացման համար:
Անդորրայի ԱԳ նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտին, կարևորելով Հայաստանին և Անդորրային միավորող ամուր կապերը, վերահաստատել է իր պատրաստակամությունը` ջանքեր գործադրել Հայաստանի և Անդորրայի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆելիպե Կառլոս Սոլան վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը թույլ կտան շարունակել զարգացնել հայ-արգենտինական հարաբերությունները, ինչպես նաև առաջ մղել ընդհանուր օրակարգի հարցերն ու էական ներդրում ունենալ երկու ժողովուրդների բարեկեցության հետագա ամրապնդման մեջ:
Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին` ուղղված խաղաղության հաստատմանը և ժողովրդավարության ամրապնդմանը; Նա համոզմունք է հայտնել, որ ԵՄ շրջանակներում համագործակցությունը, այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը մեծապես կնպաստեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ նախարար Միրզոյանի փորձը կծառայի միջազգային հարթակներում Հայաստանի շահերի պաշտպանությանը և ԱՊՀ շրջանակներում Հայաստանի ակտիվ դերակատարությանը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Հայկո Մաասը իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական սերտ հարաբերությունները հետայսու ևս կխորանան և Գերմանիան կշարունակի 2018թ․ մեկնարկած բարեփոխումների և արդիականացման ճանապարհին Հայաստանի կողքին լինել: Հայկո Մաասը վստահեցրել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կսատարի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում և իր նպաստը կբերի տևական հաշտեցման գործում։
Ուկրանիայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան պատրաստակամություն է հայտնել համագործակցել հայ-ուկրանիական հարաբերությունները հետագայում առավել ամրապնդելու գործում, և այս համատեքստում ընդգծել է, որ Ուկրանիան պատրաստ է կառուցողական երկխոսության համապարփակ զարգացմանը։
Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Բիսերա Տուրկովիչը շնորհավորական ուղերձում իր համոզմունքն է հայտնել, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն նշել է, որ ՍԾՏՀ մշտական քարտուղարությունը բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև առաջ մղելու անդամ-պետությունների միջև կառուցողական երկխոսությունը, ինչը էապես նպաստում է տարածաշրջանում կայունությանը և կայուն զարգացմանը։
Պարագվայի ԱԳ նախարար Էվկլիդես Ասևեդոն, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել ամրապնդելու Հայաստանի և Պարագվայի միջև համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները։
Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ նախարար Այման Սաֆադին շեշտել է ընդհանուր հետաքրքրության շրջանակներում համագործակցության կարևորությունը և իր համոզմունքը հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և առավել ամրապնդման շարունակականության վերաբերյալ։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը շնորհավորական ուղերձում լյուքսեմբուրգյան կողմի պատրաստակամությունն է հայտնել՝ խորացնելու հայ-լյուքսեմբուրգյան հիանալի հարաբերությունները, որոնք ավելի են ամրապնդվել անցած տարիներին տարբեր մակարդակներով կայացած փոխայցերի շնորհիվ։
Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևը վստահությամբ նշել է, որ կառուցողական փոխգործակցության միջոցով կհաջողվի ընդլայնել հայ-ղրղզական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում։
Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողությունն է մաղթել պետական գործունեությունում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Չոնգ Ուի-Յոնգը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՀ և ԿՀ երկկողմ հարաբերությունները կշարունակեն կայուն զարգանալ։
Լիբանանի Հանրապետության նախարարների խորհրդի փոխնախագահ, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Զեյնա Աքարն իր համոզմունքն է հայտնել, որ Հայաստանի և Լիբանանի միջև հաստատված հիանալի հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների, և վերհաստատել իր հանձնառությունը՝ շարունակել ջանքեր գործադրել երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը Արարատ Միրզոյանին հղած իր շնորհավորական ուղերձում գոհունակություն է հայտնել վերջին տարիներին հայ-լատվիական բարեկամական և կառուցողական հարաբերությունների զարգացման ու արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ։ Լատվիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-լատվիական քաղաքական երկխոսության ամրապնդման գործում։
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Դեմեկ Մեկոննեն իր համոզմունքն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել հետագա տարիների ընթացքում և վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատել երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ։
Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն պատրաստակամություն է հայտնել շարունակել ջանքերը՝ խորացնելու Ուրուգվայի և Հայաստանի միջև համագործակցության և բարեկամական պատմական կապերը։
Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասսիսը Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձում հաջողություններ է մաղթել պատասխանատու աշխատանքում։ Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է հանդիսանում Շվեյցարիայի համար՝ ընդգծելով, որ շարունակելու են քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների առաջմղմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացին։
Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարար Անժե Լոգարը շնորհավորական ուղերձում իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Սլովենիա միջև առկա բարեկամական հարաբերությունների առնչությամբ, ինչպես նաև կարևորել Համապարփակ և ընդլայված գործունեության համաձայնագրի ուժի մեջ մտնելու փաստը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում մի շարք ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության համար։
Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն, անդրադառնալով փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-մոլդովական բարեկամական հարաբերություններին, հույս է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն առկա երկխոսությունն ավելի բազմաբովանդակային դարձնելու ուղղությամբ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։
Կարծիքներ