Պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71 մլն դրամի պարտավորություն

Պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71 մլն դրամի պարտավորություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021 թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018 թ. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության մարմինների կողմից իրականացված նմանատիպ առաջին ուսումնասիրության արդյունքում ի հայտ բերված բազմաթիվ խնդիրներ ոլորտային պետական գերատեսչությունների հետ համագործակցությամբ լուծվել են, իսկ ընդերքօգտագործող սուբյետներն սկսել են ավելի բարեխիղճ վարքագիծ դրսևորել պետության և համայնքների առջև իրենց պարտավորությունների կատարման հարցում:

Այդուհանդերձ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով 26 սուբյեկտներ ունեն ընդհանուր 39.751.045 ՀՀ դրամի պարտավորություններ, որից 2.400.000 ՀՀ դրամը վերականգնվել է ուսումնասիրության ընթացքում:

Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում 8 ընդերքօգտագործողների պարտավորությունների չափը կազմում է 23.000.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի գծով 4 սուբյեկտներ ունեն ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամի պարտավորություններ:

ՀՀ դատախազության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների կողմից ապառքներ ունեցող տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ, նրանց նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ և միջոցներ են ձեռնարկվել դատական կարգով ապառքները բռնագանձելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում