23–ամյա հնդկաստանցին կալանավորվել է՝ համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով

23–ամյա հնդկաստանցին կալանավորվել է՝ համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով

2023թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21։17-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44–252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով ևս Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 2000թ․։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի Հանրապետության 23–ամյա քաղաքացին, իր 21–ամյա համաերկրացու հետ կենցաղային հարցի շուրջ ունենալով լարված փոխհարաբերություններ, 2023թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմաց վիճաբանել է վերջինիս և նրա ընկերոջ հետ։ Վիճաբանության ընթացքում 23–ամյա երիտասարդը նախ ձեռքով հարվածել է 21–ամյա համերկրացու գլխին, որից հետո վերջինս ընկել է գետնին, այնուհետև գրպանից հանելով դանակը, նրա ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հնդկաստանի Հանրապետության 23–ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում