Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին

Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել հուլիսի 29-ի երեկոյան Թբիլիսիի իր բնակարանում: Ոստիկանությունը պնդում է, որ տղամարդն ընկել է բարձրությունից՝ հայտնում է JAMnews-ը:

Հուսեյն Բակիխանովը Ադրբեջանից քաղաքական էմիգրանտ էր, որն ապրում էր Թբիլիսիում և դիմել էր Վրաստանին քաղաքական ապաստան ստանալու համար, քանի որ իր երկրում ենթարկվել է հետապնդումների և ձերբակալվել է:

Հուսեյն Բակիխանովը ձերբակալվել էր 2021 թվականի մայիսի 7-ին Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ: Նա դատապարտվել էր 15-օրյա կալանքի: Ազատվելուց հետո բլոգերը լրագրողներին ասել է, որ ոստիկանության կողմից խոշտանգումների է ենթարկվել, նրանք նաև սպառնացել են բռնաբարել իրեն:

«Թբիլիսիում գտնվելու ընթացքում նա անընդհատ քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը, ադրբեջանական լրատվամիջոցներին և սեփական ալիքը»,- Facebook-ում գրել է բլոգերի բարեկամը և հաստատել, որ մահից մի քանի օր առաջ Թբիլիսիի կենտրոնում հարձակվել են Հուսեյնի վրա, ծեծել ու վիրավորել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում