Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և PROFAL-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Հայաստանի ազգային ագրարային համալսարանն՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի և PROFAL ընկերությունն՝ ի դեմս գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի փետրվարի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել:
Համաձայն հուշագրի` կողմերը միավորում են իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը նպաստելու մասնագիտական կրթության զարգացմանը, ստեղծելու երիտասարդ մասնագետների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքի ապահովման և կարիերայի զարգացման հնարավորություններ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկաներին ողջունելով՝ ընդգծեց բիզնեսի և ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցության կաևորությունը. «Ողջունելի է Ագրարային համալսարանի հետ համագործակցելու PROFAL ընկերության պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը, ինչի համար շնորհակալ եմ Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանին: Մենք շատ ենք կարևորում ուսանողների և պոտենցիալ գործատուների միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումը: Հատկապես այս փուլում, երբ բարեփոխում և արդիականցում ենք մեր կրթական ծրագրերը, նման համագործակցությունները կարող են նպաստել ուսանողների ակտիվ ներգրավածությանը պրակտիկ ոլորտներում: Այսօր ուսումնական պրակտիկաներից բացի, մենք կազմակերպում ենք նաև աշխատանքի տոնավաճառներ, տարատեսակ միջոցառումներ, որոնք ևս հնարավորություն կտան հավաքագրել անհրաժեշտ կադրեր ու մասնագետներ: Պատրաստ ենք համագործակցել ոչ միայն գործնական դաշտում, այլև տարբեր գիտահետազոտական, կրթական և այլ ծրագրերի շրջանակում»:
Ռեկտորն իր խոսքում հավելեց, որ Ագրարային համալսարանում կա «Աշխատանքային կիսամյակ», որն ուսանողն ամբողջությամբ անցկացնում է գործատուի մոտ, և այս հուշագիրը շատ լավ հնարավորություն է ստեղծում այդ համատեքստում։
PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Նախևառաջ՝ շնորհակալ եմ մեր նախաձեռնությունը ողջունելու և մեզ հյուրընկալելու համար: Առաջիկայում PROFAL-ը բազմաթիվ խոշոր նախագծեր ունի, ընկերությունն արդեն զարգացնում է կոնկրետ ուղղություններ, ուստի նոր մասնագետների պահանջարկ միշտ կա: Մենք համապատասխան ոլորտներում երիտասարդների ներուժն ու տաղանդը բացահայտելու և դրան գործի դնելու հարթակներ ստեղծելու պատրաստակամություն ենք հայտում: Վստահ եմ, որ մեր թիմերի ուժերի համախմբումն երկուստեք կտա դրական արդյունքներ: Երկու կողմերի կարողությունների միավորման արդյունքում մեր ընկերությունը կկարողանա ներգրավել երիտասարդ և հեռանկարային մասնագետների, իսկ Ագրարային համալսարանի ուսանողներն էլ փորձի փոխանակման, պրակտիկ գիտելիքների ձեռք բերման և, իհարկե, իրենց մասնագիտությամբ մրցունակ աշխատանք ունենալու հնարավորություն կստանան»:
Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնես և տնտեսագիտություն, Ագրոնոմիկա, Ագրարային ճարտարագիտություն ֆակուլտետների ղեկավարները, որոնք իրենց հերթին փաստեցին, որ մասնավորի և բուհի նման ձևաչափի համարգործակցության արդյունքում ուսանողները կկարողանան տեսական գիտելիքները կիրառել աշխատանքւոմ և ձեռք բերել նաև պրակտիկ հմտություններ:
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել և քննարկել կրթության, մասնագետների փոխանակման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ համատեղ միջոցառումներն ու համագործակցության ծրագրերը:
Կարծիքներ