«Անտարեսի» տնօրենի նկատմամբ խուլիգանություն կատարելու գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:
Նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն և Ա.Ա.-ն: Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:
Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը), և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը՝ մի խումբ անձանց կողմից):
Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Կարծիքներ