Դեսպան Պարույր Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Դեսպան Պարույր Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

Երկուստեք նշելով Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացումը՝ գլխավոր քարտուղար Բուրիչը և դեսպան Հովհաննիսյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա:

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Առանձնակի կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։

Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հովհաննիսյանին Եվրոպայի խորհրդում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպան Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել և իր ներդրումն ունենալ Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում