ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակից տեղեկանում ենք՝ Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և հիմնական առաջնահերթությունները միջազգային և ազգային գործընկերների հետ:
«Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ընկերակցությամբ նա կհանդիպի Ազգային ժողովի նախագահի հետ՝ մեկնարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության վերաբերյալ նոր ծրագիրը, ինչպես նաև կհանդիպի ՀՀ փոխվարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։
Նա նաև քննարկումներ կունենա ՄԱԿ-ի երկրի թիմի, դիվանագիտական կորպուսի, զարգացման գործընկերների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Իվանա Ժիվկովիչը կայցելի ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և կհանդիպի շահառուների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նա միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Զագրեբի համալսարանում:
Կարծիքներ