Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021-ի հունվարը 2020-ի հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ 2020-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 2.2%: Այս մասին տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։
Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 6.4%, մեկամսյա գնաճը՝ 4.5%, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 10.8% և 0.7%։
Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2.6%-ով, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով։
Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%, մեկամսյա գնաճը՝ 0.3%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար, 5.8% և 1.9%։
Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 5.6%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 1.7%-ով, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 5.7% և 1.0%, կապի ոլորտում 12-ամսյա կտրվածքով գրանցվել է գների 0.5%, իսկ մեկամսյա կտրվածքով՝0.4% աճ։
Այս տարվա հունվարին 2020-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գները նվազել են 0.8%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ աճել 1.5%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.6% և 0.3% աճ։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 3.5%-ով, իսկ մեկ ամսում՝ 1.0%-ով։
Կարծիքներ