Սյունիքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մարզի զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին․ հանդիպմանը մասնակցել է նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:
Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու կարևորել ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունները։
Համայնքի ղեկավարը շեշտել է ֆրանսիացի արդյունահանողների դերը Կապանում հանքարդյունաբերության ու քաղաքի տնտեսական զարգացման գործում, որը հետագայում դեր է ունեցել հայ-ֆրանսիական կապերի ամրացման համար։
Ռոբերտ Ղուկասյանը Անն Լույոյին է ներկայացրել մարզի տնտեսության կառուցվածքը, տարբեր ոլորտների վերաբերող ցուցանիշներն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծմանը կարող է աջակցել ֆրանսիական կողմը։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Սյունիքը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է Հայաստանի համար, հատկապես՝ 2020-ի պատերազմից հետո։
Մինչ մարզկենտրոն հասնելը դեսպանը տարբեր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ սահմանային գյուղերում ու նշել, որ որոշակի պատկերացում ունի բնակավայրերի կյանքի, մարդկանց խնդիրների մասին, բայց առաջին հերթին մարզային իշխանությունից է ցանկանում լսել դրանց մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին մարզի զարգացման հնարավորություններին և ուղղություններին, ենթակառուցվածքներին, զբաղվածությանը, կրթությանը, զբոսաշրջությանը, Արցախից տեղահանվածներին և այլն։
Դեսպանն առաջարկել է Գորիսի օրինակից բացի միջմարզային բարեկամություն ևս հիմնել կամ մարզի այլ քաղաքների հետ էլ Ֆրանսիայից քույր քաղաքներ դառնալու հնարավորություն ստեղծել․ մարզպետն ու համայնքի ղեկավարը ողջունել են գաղափարը։
Կարծիքներ