Թրամփի վարչակազմն աշխատանքից ազատել է միջուկային անվտանգության ազգային վարչության տասնյակ աշխատակիցների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները աշխատանքից ազատել են միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) աշխատակիցներին, որոնք պատասխանատու են երկրի միջուկային զենքի պաշարների կառավարման համար։
CNN-ը հայտնում է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել էներգետիկայի նախարարության բարեփոխումների շրջանակում։ Հեռուստաընկերության ներկայացրած տվյալներով՝ աշխատանքից ազատվել է ավելի քան 300 աշխատակից։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հերքել է այս թիվը՝ նշելով, որ հեռացվածների թիվը «50-ից պակաս է» և նրանք հիմնականում զբաղեցրել են վարչական պաշտոններ։
Աշխատանքից ազատվածների թվում եղել են նաև այն անձինք, ովքեր աշխատել են միջուկային զենք արտադրող օբյեկտներում և իրականացրել են այդ գործընթացների վերահսկողությունը։ Մասնավորապես, նրանց թվում են եղել շտաբի աշխատակիցներ, որոնք կապալառուների համար պահանջներ և հրահանգներ են կազմում։
CNN-ին տրամադրված աղբյուրների համաձայն՝ որոշ պաշտոնյաներ, կարծես, տեղյակ չեն եղել, որ NNSA-ն իրականացնում է Ամերիկայի միջուկային զենքի վերահսկողությունը։
«Մարդիկ հեռացվել են աշխատանքից, քանի որ ոչ ոք ժամանակ չի հատկացրել հասկանալու, թե ինչով ենք մենք զբաղվում, որն է մեր աշխատանքի կարևորությունը երկրի ազգային անվտանգության հարցում»,- նշում է աղբյուրը։
Կարծիքներ