Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է

Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է

Ռուսաստանը այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը երբեք էլ չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցին:

«Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ համանախագահների ձևաչափը շարունակում է գործել, կան հարցեր, որոնք մտնում են համանախագահության ձևաչափի օրակարգի մեջ, և կարծում եմ՝ այստեղ շատ բան կախված կլինի կողմերի դիրքորոշումներից», - մեկնաբանեց Կոպիրկինը:

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը օրակարգում է, սակայն թե կոնկրետ ե՞րբ այն տեղի կունենա՝ առայժմ հստակ տեղեկություններ չկան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ի համատեղ հայտարարությամբ կոչ էին արել ԼՂ հակամարտության կողմերին վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հունիսի 1-ին հայտարարել էր, որ եռանախագահները հնարավոր է՝ մոտ ժամանակներում պայմանավորվածություն ձեռք բերեն հայ-ադրբեջանական սահման այցելելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում