ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա հետևանքով Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, հայտնվելով հայկական վերահսկողությունից դուրս, այսօր գտնվում է անմիջական վտանգի ներքո:

«Այս պահին օրհասական և առաջնային է համամարդկային այդ արժեքների պահպանությունը, և մենք ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ կանխելու  այդ արժեքներին սպառնացող ցանկացած վտանգ»,- շեշտել է Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների համատեքստում ՀՀ կառավարության համար գերակա են կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես երկրի անվտանգության երաշխիք:

«Այս հարցում ևս ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում երկարաժամկետ կտրվածքով միջազգային մակարդակի հետազոտություններ իրականացնելու համար՝ թե՛ մասնագիտությունների, թե՛ բուհական համակարգի կառուցվածքի մասով»,- շեշտել է նախարարը և տեղեկացրել, որ ընթանում են Կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք այժմ վերանայման փուլում են: Վահրամ Դումանյանի խոսքով՝ դա պայմանավորված է պատերազմական և հետպատերազմական փուլերի հետևանքներով. վերանայման ընթացքում կվերագնահատվեն ոլորտների զարգացման հիմնական գերակա ուղղությունները, և կսահմանվեն դրանց լուծմանը միտված քայլերը:

Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները. «2020 թվականն իրավամբ ծանր տարի էր. COVID-ը բոլորիս սովորեցրեց առավել զարգացնել մեր թվային կարողությունները և ենթակառուցվածքները: Այդ նպատակով Եվրամիությունն օժանդակություն է տրամադրել ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար: ԵՄ-ն կիսում է նաև Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգությունը՝ այդ հարցում բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք գործունեությունը»:

Դեսպանը շեշտել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» բյուջետային աջակցության ծրագրի կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծել է ծրագրին պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների ներգրավվածության խնդիրը՝ նրանց սոցիալական վերաինտեգրումն ապահովելու տեսանկյունից:

Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար», միջբուհական համագործակցության Erasmus+ և «Հորիզոն-2020» ծրագրերին՝ որպես համագործակցության լավ օրինակներ:  Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն սկսել է առաջիկա 7 տարիներին նախատեսվելիք ծրագրերի նախանշման գործընթացը՝ կարևորելով դրանք ՀՀ կառավարության հետ իրականացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը ևս մեկ անգամ կարևորել է Եվրամիության աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես ԿԳՄՍ ոլորտների զարգացման առանցքային գործընկեր:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում