Ոստիկանության ծառայողները Լոռու մարզում մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
Լոռու մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները Լոռու մարզի 26 հասցեում խուզարկություններ են կատարել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, թմբուկավոր երկու ատրճանակ, երկու հրացան, ինքնաձիգի պահունակ, փամփուշտների ժապավեն, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, այլ ռազմամթերք։ «Հայտնաբերվել են նաև տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Մի խումբ անձինք ձերբակալվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ