Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

 

«British Petroleum-ը վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանին 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել, դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն է. Միացյալ Թագավորությունն այդ կերպ լծակ ունի Ադրբեջանի նկատմամբ, կուզեիք արդյոք` Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ստանում ՌԴ-ից, Թուրքիայից, Իսրայելից, ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից ու Հնդկաստանից, կուզեիք, որ այլ երկրներից էլ ստանար, որ հնարավորություն ունենար ինքնապաշտպանվելու»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որ տեղի են ունենում հարևան երկրներում, ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որպեսզի ներդրման միջավայրում ու տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և ներդրողների հետաքրքրությունների տիրույթում է, բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանը և Ադրբեջանն են:

 

Այս տեսական թեզը, որ շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն, հատկապես վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա նրա արտահայտությունն է, որ, ի վերջո, հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառուն»,- ասաց վարչապետը:

 

Այս առումով, ըստ վարչապետի, Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որ վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են:

«Դուք ճիշտ նկատեցիք, եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, այդ հարաբերակցությունը ձևավորվում է նաև ձեր նշած գործարքների միջոցով Ադբեջանի եկամուտների շնորհիվ, բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձանգանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած բոլորս հասկանում ենք, որ դրանք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն, նաև որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի` մարտունակ բանակ ունենալու իրավունքը։

Պետք է արձանագրենք, որ այո, մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց այն նաև օգտագործվում խաղաղության, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար, նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որը Ադրբեջանի ձեռք բերածի 15-20 տոկոսից ավել չէ` և ֆինանսական, և ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ, բայց իրենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չեն թողնում:

Մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել, առաջարկել և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասաց վարչապետը` նշելով, որ առաջարկվել է նաև չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել` նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում