Բագրևանդի փողոցի պահեստից գողություն կատարող խումբ է վնասազերծվել. 8 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Բագրևանդի փողոցի պահեստից գողություն կատարող խումբ է վնասազերծվել. 8 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ տեղեկությունների՝ նրանք նույն պահեստից պատրաստվում էին գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը տեղափոխելու էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։ Օպերատիվ խմբերը շտապել էին Բագրևանդի փողոց և կազմակերպել դարանակալում։

Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի էին. գողության մեջ կասկածվող անձանցից մի քանիսը «Ֆորդ» մակնիշի մեքենայով հայտնվել էին ոստիկանների տեսադաշտում, ապա դիմել փախուստի՝ մեքենան վարելով ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Սկսվել էր հետապնդում, որին միացել էին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները։

«Ֆորդն» ընթացել էր Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Դավիթ Բեկի փողոցում հետապնդող պարեկներից մեկը, փախուստը կանխելու նպատակով, նախազգուշական կրակոց էր արձակել, ապա թիրախավորել մեքենայի անվադողն ու կրակել։ «Ֆորդը» կողաշրջվել էր։

Վարորդն ու մի խումբ անձինք բերման էին ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Մինչ Դավիթ Բեկի փողոցում ծավալվում էին այս գործողությունները՝ Բագրևանդի փողոցում ոստիկանների տեսադաշտում է հայտնվում մյուս «Ֆորդը», որը ևս հարկադիր կանգնեցվում է՝ շնորհիվ Նոր Նորքի քրեական հետախույզներից մեկի նախազգուշական կրակոցների։

Արդյունքում՝ վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվում բաժին։ Նոր Նորքի քրեական հետախույզները ևս երկու անձի հայտնաբերում են պահեստի մոտակայքում ու բերման ենթարկում բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ութ անձ ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում