Տաջիկստանի 11 քաղաքացի է վիրավորվել. իրավիճակը սրվում է ժամ առ ժամ

Տաջիկստանի 11 քաղաքացի է վիրավորվել. իրավիճակը սրվում է ժամ առ ժամ

Ղրղզստանի հետ սահմանին հակամարտության ընթացքում Տաջիկստանի 11 քաղաքացի է վիրավորվել, հաղորդում է Տաջիկստանի ASIA-Plus լրատվական գործակալությունը: Տաջիկստանցի սահմանապահները Ղրղըզստանի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ են վիրավորվել։ Նշվում է, որ նրանց տեղափոխել են Իսֆան քաղաքի կենտրոնական կլինիկա։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակամարտության գոտում զորանոցային դրություն է հայտարարվել։ Անվտանգության, բանակի ու ՆԳՆ ուժեր են ուղարկվել այնտեղ՝ էսկալացիան դադարեցնելու համար։

Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը պետական սահմանի ղրղըզա-տաջիկական հատվածում իրավիճակը լարված է անվանել։

Նշվում է, որ երկու երկրների սահմանային ներկայացուցիչների միջեւ բանակցությունների արդյունքներով ժամը 19։30-ին Բատկեն-Իսֆան ճանապարհի Տորտ-Կոչո հատվածը վերաբացվել է երթեւեկության համար։ Մի քանի րոպե անց իրավիճակը սրվել է՝ տաջիկական կողմը զենք է կիրառել եւ կրակ բացել ղրղըզական սահմանային ստորաբաժանումների ուղղությամբ՝ Բատկենի շրջանի Չիր-Դոբո տեղանքում։ «Երկու երկրների սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ հիմնական փոխհրաձգությունը տեղի է ունենում Տորտ-Կոչոյի եւ Չիր-Դոբոյի տարածքներում։ Տաջիկական կողմը ականանետեր եւ նռնականետեր է օգտագործում», - հայտնել են գերատեսչությունից, տեղեկացնում է 24.kg-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում