Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։
Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից՝ հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին Ադրբեջանի կողմից։
Ընդգծելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Ողջունում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
Ընդգծում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կարևոր հանձնառությունը և աջակցում է ԵՄ-ի դերի մեծացմանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում: Խրախուսում է նաև Լյուքսեմբուրգի, ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական և կրթական կապերի ամրապնդումը:
Կարծիքներ