Փոխվարչապետ Մաթևոսյանը և ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը քննարկել են ներդրումային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա:
Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է երկու երկրներում առկա ներդրումային հնարավորությունների մասին տեղական գործարար շրջանակներին տեղեկացնելու անհրաժեշտությունը:
Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ տնտեսական բաղադրիչը առանցքային նշանակություն ունի երկկողմ համագործակցության համար: Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը:
Որպես առանցքային փաստ՝ արձանագրվել է 2021 թ.ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և «Էյր Արաբիա»-ի միջև կնքված պայմանագիրը՝ ազգային ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ:
Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու նպատակով կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի` Աբու Դաբիում անցկացումը, ինչը կարևոր պայման է երկկողմ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել Երևանում` 2019թ-ի մայիսին:
Զբոսաշրջության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից կարևորվել է 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը` ինչպես Աբու Դաբի, այնպես էլ դեպի Դուբայ և Շարժա ու հակառակ ուղղություններով չվերթները:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «ExpoDubai-2020» ցուցահանդեսին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական համագործակցության զարգացման համար և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄԷ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության համար:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը։
Կարծիքներ