Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Աբիջանում կայացած կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Աբիջանում կայացած կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով Կոտ դ'Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Միջոցառումն իր շուրջն է համախմբել ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 400 քաղաքից: Վերջին տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Գագաթնաժողովի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետը: Կարևորելով Երևանի մասնակցությունը նման մեծամասշտաբ միջոցառմանը՝ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային հարթակներում փորձի փոխանակման հնարավորության համար:

«Գիտակցելով տարբեր քաղաքական, տնտեսական զարգացման խոչընդոտների առկայությունը՝ Հայաստանն այնուամենայնիվ կրում է պատասխանատվություն կլիմայական փոփոխությունների դիմագրավման ավելի բարձր նշաձող սահմանելու հարցում:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի շրջանակում Փարիզում ստորագրված համաձայնագրով Հայաստանն այսօր էլ հանձնառու է շարունակելու ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև հաջողությամբ անցում կատարելու գագաթնաժողովի ժամանակ սահմանված լուծումների կենսագործմանը: Համատեղ նախագծերի իրականացման արդյունքում, համոզված եմ, մենք կկարողանանք գտնել արդյունավետ լուծումներ, որոնք ուղղված կլինեն նոր մարտահրավերների դիմակայմանը»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում