Բայդենի վարչակազմը ողջունում է Ռուսաստանի հետ դիվանագիտությանն ուղղված «փոքր» քայլերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ողջունում է դրական եւ թեեւ համեստ քայլերը Ռուսաստանի հետ դիվանագիտության համար, գրում է The Hill-ը։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին մեկնաբանությունները վկայում են հունվարին սպասվող դիվանագիտական բանակցությունների համար բաց լինելու մասին: «Մեր մոտեցումն այս հարցում պարզ է ռուսաստանցիների համար»,-լրագրողների հետ զրույցում ասել է պաշտոնյան։ «Ահա, թե ինչ է նշանակում դիվանագիտություն, բանակցություններ, եւ սա այն է, ինչ մենք նախատեսում ենք ձեռնարկել»,-հավելել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ վարչակազմը պլանավորում է հունվարի սկզբին որոշել Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ բանակցությունների վայրը եւ ամսաթիվը։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել ռուսական զորքերի՝ տագնապ առաջացնող տեղաշարժին եւ նրանց տեղակայմանը Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով»,-ասել է պաշտոնյան:
Ռուսաստանը ներկայացրել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների պահանջների ցանկը։
Բայդենի վարչակազմը հերքել է, որ Արեւմուտքի հետ Ուկրաինայի սերտ կապերը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ձգտումները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն ասել է, որ Մոսկվան բարձրացրել է հարցեր, որոնք կարող են լուծվել դիվանագիտական բանակցությունների միջոցով։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ դրական զարգացում է որակել Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի վերականգնումը։ «Մենք ողջունում ենք այդ փոքր քայլը»,-շեշտել է պաշտոնյան՝ հավելելով, որ մտահոգում են գործողությունները, ոչ թե խոսքերը, ուստի ԱՄՆ-ն կշարունակի ուշադիր հետեւել զարգացումներին։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը Եվրոպայում իր դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի հետ միասին պատրաստ է Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկել, եթե նա սկսի «ներխուժում» Ուկրաինա։ Այդ միջոցները ներառում են «զանգվածային պատժամիջոցներ, աջակցություն Ուկրաինայի պաշտպանունակությանն ու իր ուժային դիրքերի կարգավորում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում»։
«Լրջագույն հետեւանքներ կլինեն, եթե Ռուսաստանը որոշի շարունակել իր ռազմական ներխուժումը Ուկրաինա»,-հավելել է պաշտոնյան։
Կարծիքներ