Պարզ անօրինականություն է. Սիմոնյանը՝ Վարչական դատարանի որոշման մասին
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Վարչական դատարանը չի կարող իրավունքի ուժով գործողության մեջ մտած նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի գործով կայացրած որոշմանը:
«Այստեղ կա ուղղակի պարզ անօրինականություն, երբ Վարչական դատարանը փորձում է իրեն վերագրել սահմանադրական նորմի նկատմամբ որևիցե գործողություն անելու իրավունք: Դա աբսուրդ է: Էլ չեմ ասում, որ գործողությունն արդեն ավարտվել է, չի կարելի իրավունքի ուժով գործողության մեջ մտնող նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել: Դա շենքի շինարարություն չէ, որ կասեցնես շինարարությունը, մինչև տեսնես դատական նիստը ինչ է լինում: Այդ գործողությունը եղել է, ավարտվել է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց՝ եթե անգամ ենթադրենք, որ այդ որոշումն իրավական ուժ ունի, ապա դա ուղղակի իրագործելու առումով անհնար է: Գործողությունն արդեն իսկ ավարտվել է: Սիմոնյանը վստահ է, որ Վարչական դատարանը չի կարող վերականգնել մի բան, այն կարող է ինչ-որ բան կասեցնել:
«Վարչական դատարանը չի կարող սահմանադրական իրավունքին վերաբերող հարցով հայցի ապահովման միջոց կիրառել»,-նշեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով իշխանության կողմից դատարանների նկատմամբ հնարավոր ճնշման մասին հարցին՝ Սիմոնյանն ասաց. «Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունը կարողանում է դատարանների հետ կապված ճնշում գործադրել, և մենք ունենք այն վիճակը, որն ունենք, երբ անընդհատ դատարանների հետ կապված խնդիրներ ենք ունենում, և մեր առաջնային և ամենամեծ խնդիրը դատարանների՝ նախկին իշխանությունների հետ փոխկապված լինելն ու որոշ դատավորների քաղաքականացված լինելն է»:
Ըստ Սիմոնյանի՝ այդ որոշումը կայացրած դատավորի գործունեությունն իրավաբանության հետ կապ չունի:
«Ենթադրենք 1 տարի հետո կամ 1 ամիս հետո Վարչական դատարանը որոշում է կայացնում հօգուտ հայցվորի: Օնիկ Գասպարյանը, այնուամենայնիվ, այդ պարագայում ամենայն հավանականությամբ չի կարող վերականգնվել, քանի որ գործողությունը եղել, ավարտվել է»,-ասաց նա:
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել ՀՀ վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ՝ շեշտելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից:
Կարծիքներ