Սա ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության նոր մակարդակի թևակոխում էր. Կոնջորյանը՝ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերի մասին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատմական և աննախադեպ է որակում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ստորագրված փաստաթղթերը։
Սպիտակ տանը եռակողմ հանդիպումից հետո ստորագրվել է պետությունների առաջնորդների հռչակագիրը, որում Կոնջորյանը կարևորագույն շեշտադրում է համարում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանն առնչվող դրույթները։
«Մենք սևով սպիտակի վրա արձանագրեցինք այն, ինչի մասին հինգ տարի է խոսում ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Արձանագրվեց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը միասին կաշխատեն Թրամփի ուղի (TRIPP) հաղորդակցության նախագծի շրջանակները սահմանելու ուղղությամբ։ Սա չափազանց կարևոր նախագիծ է, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը էապես մեծացնում է Հայաստանում ներդրումային գրավչությունը և տնտեսական զարգացման հեռանկարներ է բացում»,-նշում է ՔՊ խորհրդարանական խմբակցության ղեկավարը։
Միացյալ նահանգների հետ երկկողմ մակարդակում ևս աննախադեպ փաստաթղթեր են ստորագրվել։ Դրանցից մեկը միտված է «Խաղաղության խաչմերուկին»․ այն Միացյալ Նահանգների աջակցության և այդ նախագծում ներդրումներ իրականացնելու պատրաստակամության մասին է, քանի որ Թրամփի ուղին խաղաղության խաչմերուկի բաղկացուցիչ է։ «Այսպիսով՝ «Խաղաղության խաչմերուկի» կոնցեպտը դարձավ միջազգային կարևորագույն փաստաթուղթ ԱՄՆ նախագահի ստորագրությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առանցքային համարեց Կոնջորյանը։
Երկկողմ մյուս փաստաթղթերի՝ էներգետիկայի և Արհեստական բանականության ոլորտներին առնչվող փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը, ըստ նրա, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության նոր մակարդակի թևակոխում էր․ առաջիկայում կլինեն կոնկրետ այցեր և հանդիպումներ՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
«Մենք պետք է աշխատենք՝ այս ամենն առարկայացնելու տնտեսության, քաղաքականության մեջ, մեր հարևանների հետ և միջազգային հարաբերություններում։ Աշխարհը բացվում է Հայաստանի համար, և Հայաստանն է բացվում աշխարհի համար»,-ընդգծեց նա։
Կարծիքներ