Կարող ենք վստահ լինել՝ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը․ Տիգրան Ավինյանի ուղերձը
Կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը՝ նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է։ Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա և չեն կենսագործվել։ Սակայն այսօր կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը՝ նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։ Դրա վկայությունը դարձան 2021թ. խորհրդարանական ընտրությունները։
Անշուշտ, առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն՝ կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։ Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, Մայր օրենքի իր կարգավիճակով պայմանավորված, լինելու է հանրային հարաբերությունները կարգավորող բացառիկ և անշրջելի մեխանիզմը»,- ասված է Ավինյանի ուղերձում։
Կարծիքներ