Գնում եմ մասնագիտական աշխատանքի. «Իմ քայլը» Ջհանգիրյանին կառաջադրի ԲԴԽ անդամի պաշտոնում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները փակ հանդիպում են ունեցել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ քննարկելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում նրա թեկնածության հարցը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ջհանգիրյանն ասաց, որ Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց:
«Եվ քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, քանի որ ձայները չեն բավարարելու, ընտրության համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, բնականաբար, ես համաձայնել եմ մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ, բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, պաշտոն չեմ ստանում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- պարզաբանեց Ջհանգիրյանը:
Լրագրողների հարցին՝ ինչու որոշեց ընդունել առաջարկը, պատասխանեց՝ «որովհետև իմ 65-ը լրացել է»:
«Ես ուրախ կլինեմ, որ հենց այսօր «Լուսավոր Հայաստանը», ԲԿՀ-ն ևս ինձ առաջադրեն: Մեծ սիրով կհամաձայնեմ նրանց կողմից ևս առաջադրվելու, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,- ասաց նա՝ ընդգծելով՝ տվել է իր համաձայնությունը ԲԴԽ անդամ առաջադրվելու, իր որոշումը դա է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց՝ հանդիպումից հետո խմբակցությունը խորհրդակցել է և որոշել առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ թեկնածու:
«Թեկնածուի հետ կապված մտորումները՝ առաջադրե՞լ, թե՞ չառաջադրել, նաև հրավերը պայմանավորված են եղել նրանով, որ մենք պարոն Ջհանգիրյանին համարում ենք իր ոլորտի պրոֆեսիոնալ, և սա առաջնային դերակատարություն է ունեցել: Իհարկե, այն բոլոր հարցերը, կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների հետ, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են, և խմբակցության տպավորությունն այդ առումով եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ առնչությամբ: Ես կարծում եմ՝ արդեն լիագումար նիստերի դահլիճում նաև հանրությունը հնարավորություն կունենա բոլոր այդ պատասխանների, այդ թվում և՝ Մատաղիսի գործի հետ կապված, և մյուս թեմաների հետ կապված ներկայացնել իր պարզաբանումները»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Կարծիքներ