Թուրքիայում հայտարարել են՝ Էրդողանի գործերին միջամտելու դեպքում ԱՄՆ-ի համար հետևանքների մասին
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու Ջո Բայդենի հայտարարությունը թուրքական ընդդիմությանը աջակցելու մասին։ Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քալընի Twitter-ը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Բայդենը հարցազրույց էր տվել The New York Times թերթին, որտեղ ասել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ պետք է «բոլորովին այլ դիրքորոշում» որդեգրել՝ ցույց տալով իր աջակցությունը ընդդիմադիր ղեկավարությանը։
Հանդիպման տեսագրությունը հայտնի է դարձել օգոստոսի 15-ին Twitter-ի թուրքական հատվածում։ Արդեն կիրակի օրը այդ հարցազրույցի պատասխանը հրապարակել է Էրդողանի ներկայացուցիչը։ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ Բայդենի վերաբերմունքը կառուցվում է անգրագիտության, ամբարտավանության եւ կեղծավորության վրա, Իսկ Թուրքիայի գործերին միջամտելու փորձը կանդրադառնա ԱՄՆ-ի վրա: «Այն օրերը, երբ Թուրքիային հրամաններ էին տալիս, ավարտվեցին։ Բայց եթե դուք դեռ կարծում եք, որ դա ձեզ մոտ կստացվի, ապա կարող եք փորձել: Դուք դրա համար վճարելու եք», - գրել է Քալընը։
Ավելի վաղ Բայդենն արձագանքել էր Բելառուսում տեղի ունեցած ցույցերին՝ հիշեցնելով, որ ժողովրդավարությունը կառուցվում է այն հայեցակարգի վրա, որի համաձայն քաղաքացիներն իրավունք ունեն ընտրել իրենց առաջնորդներին եւ ազդեցություն ունենալ իրենց երկրի ապագայի վրա: Նա նաեւ նշել է, որ «վերջին 26 տարվա ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտորիտար ռեժիմից հետո» Բելառուսի քաղաքացիները պահանջում են, որ իրենց ձայները լսվեն:
Կարծիքներ