Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարձակվել Հայաստանի վրա, նշանակում է հարձակվել ժողովրդավարական պետության վրա, հարձակվել Հայաստանի վրա, նշանակում է հարձակվել ժողովրդավարական արժեքների վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման ընթացքում:
«Ժողովրդավարությանը պետք է նայել անվտանգային տեսակետից, որովհետև Հայաստանի համար անվտանգությունն այսօր մեծագույն մարտահրավեր է: Հետևաբար, պետք է ասել, որ ժողովրդավարությունն անվտանգությունը բերում է Հայաստանի սահմաններ: Հետևաբար, սկզբում մենք սպասում էինք, թե ինչ արձագանք կտային անվտանգային համակարգերը, բայց չլսեցինք ոչինչ, որ կկարողանար հողի վրա ինչ-որ բան փոխել: Փոխարենը տեսանք ուղիղ, հասցեագրված հայտարարություններ ժողովրդավար պետություններից: Վստահ եմ, որ հողի վրա դա շատ բան է փոխում»,-ասաց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը կարծում է, որ ժողովրդավար պետություն լինելը Հայաստանի համար մեծագույն անվտանգային համակարգ է հանդիսանում:
«Ես հուսով եմ, որ այսօր բոլորը հասկանում են, որ, եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավար պետության վրա, եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավարական արժեքների վրա»,-ասաց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին, որ կիսում են իրենց փորձը:
Նա շեշտեց՝ Հայաստանը կհամագործակցի գործընկերների հետ, որ օր օրի ավելի ժողովրդավար լինի: «Այս այցը, այս համաժողովը անվտանգության նոր մակարդակ է բերում մեր երկրի համար»,-նշեց նա:
Կարծիքներ