Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան

Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանը անհրաժեշտ է համարում հենց այսօրվանից կրճատել բյուջետային ծախսերը:

Վահե Հակոբյանն իր ելույթում նշեց, որ առաջիկա տարիների պետք է իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա` ուղղված պետական պարտքի կայունացմանը: 

«Միաժամանակ, անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար և այսուհետ պետության կողմից վերցված վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերին»,- ասաց Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորը անհրաժեշտ է համարում բացահայտել և կրճատել բոլոր տեսակի անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծող ծախսերը:

«Այդ կերպ հնարավոր է արագացնել տնտեսության վերականգնումը, ինչպես նաև միջնաժամկետում բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը՝ հնարավորություն ստեղծելով անվանական ՀՆԱ-ի հաշվին նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը»,- ասաց Հակոբյանը: 

«Հայաստան» դաշինքի պատգամավորը նաև ներկայացրեց իրենց քաղաքական ուժի ընդհանուր մոտեցումը.

«Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը պետք է հարկ եղած ժամանակ ամեն ինչ անի պետության համար: Եվ նրանք միասին ստեղծեն արժեք, որը կաշխատի սոցիալական հարցերը լուծելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում