Մինչև 3 հա հողատարածք մշակող ֆերմերային տնտեսությունների համար պարարտանյութի ձեռքբերումը կսուբսիդավորվի

Մինչև 3 հա հողատարածք մշակող ֆերմերային տնտեսությունների համար պարարտանյութի ձեռքբերումը կսուբսիդավորվի

Կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Այն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։

«Այս տարվա սկզբից պարարտանյութերը կտրուկ գնաճ են արձանագրել՝ 2,5-3 անգամ, դա իրականում գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դրել է փխրուն, խոցելի իրավիճակի մեջ:

Գործընկերներով բազմաթիվ քննարկումներ ունեցանք, որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցության ծրագրով, այսինքն՝ մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունների համար սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 9000 դրամը:

3 հա-ի սահմանափակումը դրել ենք այն պատճառով, որ ավելի խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական ապրանքի վրա»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը գյուղացիներին կոչ արեց մաքսիմալ շատ մշակել հողերը, որովհետև, նրա խոսքով, ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր:

«Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,- ասաց Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այս որոշմամբ արձագանքում են պարարտանյութերի շուկայում առկա գնաճին:

«Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարվա ընթացքում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում, առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները: Այս առումով առջևում լավատեսական ոչինչ չի սպասվում: Այս ամենին զուգահեռ մեկ ուրիշ խնդիր կա՝ կլիմայի գլոբալ փոփոխության արդյունքում ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ խնդիրներ ենք ունենում՝  հատկապես հաշվի առնելով մեր ջրային համակարգերի մաշվածության աստիճանը: Այդ առումով ձևավորել ենք, պայմանական ասած, օպերատիվ շտաբ, որ հնարավորինս արձագանքի, որովհետև գիտենք, որ խնդիր ունենալու ենք»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում