Դավթաշենը նոր շրջանցիկ ճանապարհահատված կունենա

Դավթաշենը նոր շրջանցիկ ճանապարհահատված կունենա

Դավթաշենը կունենան նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են:

«Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին:  Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման հանձնվի»,- ասում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:

Ճանապարհի երկարությունը կլինի մոտ 500 մետր, լայնությունը՝ 15-16 մ: Կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ ստորգետնյա մալուխներով: Ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ կունենա երթևեկելի երկու գոտի:

«Առաջին երթևեկելի գոտին կունենա 3.5-4 մ լայնություն, իսկ 2-րդ գոտին՝ 3-3.5 մ լայնություն,  նաև 2-2.5 մ լայնությամբ մայթեր կկառուցվեն»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման ծրագրի պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը:

Ըստ աղբյուրի՝ թեև տարիներ շարունակ խոսվել է տեղում ճանապարհի անցկացման մասին, որոշ բնակիչներ  ցանկապատել էին տարածքներն ու, այսպես ասած, «բոստաններ» հիմնել: Շինարարությունից հետո հարակից տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ տեղում հանգստի նոր գոտի կհիմնվի, կտնկվեն ծառեր: 

Նշվում է, որ նոր ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի զուգահեռ ընթացող կենտրոնական՝ Տիգրան  Պետրոսյան փողոցի երթևեկությունը: Բնակիչներն էլ կօգտվեն փողոցով անցնող հանրային տրանսպորտից: 
Նախատեսվում է ճանապարհի հարակից տարածքում կառուցել մարզադպրոց:

Երանի քաղաքապետարանի գնահատմամբ՝ ճանապարհաշինական այս ծրագիրը կարևոր է նաև թաղամասի հետագա զարգացման համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում