Արցախում վիրավորված ռուս լրագրողը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին իր կյանքը փրկելու համար
Արցախում՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին իր կյանքը փրկելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ արդեն անցնում է բուժման վերջին փուլը:
«Հոկտեմբերի 8-ին ինձ հետ էին նաև իմ գործընկեր Լևոն Արզանով և կամավոր Հրանտ Բալադյանը: Շուշիում էինք, երբ դեպքը պատահեց, մտել էինք Ղազանչեցոց եկեղեցի: Ամեն ինչ տեսախցիկով արձանագրել էինք»,- նշեց ռուս լրագրողը:
Նա Ղազանչեցոց եկեղեցուն Ադրբեջանին հարվածից ստացել էր ծանր վիրավորում, մի քանի մետր հեռու էր շպրտվել:
«Ինձ դուրս են բերել փլատակների տակից, այնուհետև անմիջապես էվակուացրել այնտեղից: Իմ բախտը բերել էր, քանի որ Ստեփանակերտում ինձ վիրահատել էր Սկլիֆոսոֆսկու անվան ինստիտուտի առաջատար բժիշկներից մեկը՝ Շահեն Դանիելյանը, նա ինձ կարելի է ասել այն աշխարհից է դուրս բերել: Այնուհետև ինձ տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ վերականգնման փուլն եմ անցել: Շնորհակալ եմ նաև ԲԿ-ի ղեկավարությանը՝ Հարություն Քուշկյանին, Միքայել Մանուկյանին, ինչպես նաև ՀՀ առաջատար միկրովիրաբույժ Արմեն Հովհաննիսյանին: Արդեն ավելի քան 2 ամիս է, ինչ բուժվում եմ այստեղ, չնայած բուժումը դեռ չի ավարտվել»,- նշեց Կոտենոկը և հավելեց, որ շուտով կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շուշի քաղաքին, մասնավորապես՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հասցված երկրորդ օդային հարվածի հետևանքովվիրավորվել էր ռուս 3 լրագրող, նրանից Յուրի Կոտենոկի վիճակը ծանր էր:
Կարծիքներ