ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը
![ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը](https://freenews.am/uploads/images/image_750x_6202338873465.jpg)
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է նախագծի թերություններին: Ըստ նրա՝ դրանցից մեկն այն է, որ եթե այս տեսքով նախագիծն ընդունվի, ապա պետական պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձն ավելի շատ կբարձրանա, քան նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձը: Պատգամավորը հիշեցրել է, որ 2019 թվականին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և նաև Կառավարության առաջարկով բարձրացվել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 հազար դրամից հասցվելով 68 հազարի, այն դեպքում, երբ դրանից առաջ՝ 5 տարի, այն չէր փոխվել, թեև 2012-2017 թվականների Կառավարության ծրագրով խոստացվել էր այն առնվազն կրկնապատկել:
«Ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ»,-ասել է նա:
Կարծիքներ