Ադրբեջանին առաջարկում ենք Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը. ԱԳՆ

Ադրբեջանին առաջարկում ենք Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը. ԱԳՆ

 խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:

Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,- ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստի ժամանակ այսօր արած հայտարարություններին:

Անդրադառնալով Ադրբեջանի գյուղերի՝ անկլավների և էքսկլավների մասին՝ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած հարցին, ըստ որի՝ Հայաստանից Ադրբեջանը օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն սա համարել է քաղաքական շահարկումների մաս։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր փետրվարի 13-ին Ներքին Հանդում Ադրբեջանի սանձազերծած հերթական սադրանքին: Վարչապետը նկատել էր՝ տպավորություն է, որ Բաքուն որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և, ըստ վարչապետի, դրա հիմնավորումները բազմաթիվ են: Նա տեղեկացրել էր, որ սահմանային միջադեպերից խուսափելու համար հայկական կողմը երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ ամբողջ սահմանագծով իրականացվում է սահմանագծում, կա՛մ դա արվում է կտոր-կտոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում