Ներկայում նախաքննության փուլում է գտնվում լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ 2 քրեական վարույթ. ՔԿ

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ ՔԿ-ից հայտնում եք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ):
Լիլիթ Աղեկյանը 2023 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Գյումրու դպրոցներից մեկի տնօրենի, աշխատակիցների և աշակերտների ենթադրյալ անօրինական գործունեության վերաբերյալ տարբեր իրավապահ կառույցների ղեկավարներին 18 դիմում է ներկայացրել: Հիշյալ դիմումներում նշված հանգամանքները ստուգելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգողական գործողությունների արդյունքում հանցագործությունների ու այլ իրավախախտումների վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չեն բերվել, որի մասին գրավոր տեղեկացվել է Լիլիթ Աղեկյանին: Մինչդեռ վերջինս սահմանված կարգով դրանք բողոքարկելու փոխարեն՝ իր անհամաձայնությունները հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր կողմից շահագործվող էջում տեղադրված գրավոր հրապարակումներում:
Մասնավորապես՝ իր ֆեյսբուքյան էջում Լիլիթ Աղեկյանը հրապարակել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազի և նույն մարզի դատախազության աշխատակիցների, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի և նույն վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատարի և նույն վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին արատավորող և նրանց՝ ՀՀ սահմանադրության 23-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ, որոնց առթիվ նախաձեռնված 5 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) (10 դրվագ):
2024 թվականի հուլիսի 31-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, որը հաստատվել և ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունից ստացված գրությամբ՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու որոշման պահանջը կատարելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն այցելել է Լիլիթ Աղեկյանի բնակարան, որտեղ վերջինս բազմաթիվ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության աշխատակցի հասցեին:
Օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակցի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Լիլիթ Աղեկյանի ֆեյսբուքյան էջում, մի քանի լրատվական կայքերում և յութուբյան ալիքներում կան վերջինիս կողմից իր վերաբերյալ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ պարունակող տեղեկություններ, որոնց ներքո տեղադրված է եղել իր լուսանկարն ու տեսաձայնագրությունը, ինչով վնաս է պատճառել իր իրավունքներին, պատվին և բարի համբավին՝ խոչընդոտելով որպես ծառայողի իր գործունեությանը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 25-ին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթների շրջանակներում Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված առավել մեղմ խափանման միջոց՝ բացակայելու արգելք:
Այնուհետև, Լիլիթ Աղեկյանը 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրու դպրոցներից մեկի անձնակազմի և աշակերտների հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, ինչի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կազմակերպության բնականոն աշխատանքը:
Բացի այդ, Լիլիթ Աղեկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բղավելով դատարանի աշխատակազմի և դատավարության մասնակցի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, ինչպես նաև ստորացրել է դատավարության մասնակցին, որի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կառույցի բնականոն աշխատանքը:
Դրանից հետո, Լիլիթ Աղեկյանը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2025 թվականի ապրիլի 18-ին նշանակված դատական նիստի ընթացքում և նիստից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ, որը դրսևորվել է դատավորի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վերջինիս վիրավորելով, այն է՝ դատական նիստերի դահլիճում, դատարանի վարչական շենքի միջանցքում դատավորի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, գործողությունների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել և հրապարակվել է Լիլիթ Աղեկյանի կողմից իր սոցիալական կայքէջում:
Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ) և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով):
Հաշվի առնելով այն, որ բարձր է ռիսկը, որ վերջինս ազատության մեջ գտնվելու դեպքում իր դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված վկաների, այդ թվում նաև անչափահասների վրա կգործադրի ազդեցություն, որպիսի հանգամանքը պայմանավորված է վերջիններիս անչափահասին բնորոշ հոգեհուզական վիճակով, ինչի մասին է վկայել այն, որ Լիլիթ Աղեկյանը հայտնել է արդեն իսկ դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ աշակերտների հետ խոսելու, իրականությունը պարզելու նպատակով դպրոց այցելելու և աշակերտների հետ զրույց ունենալու մասին և նկատի ունենալով, որ նախկինում Լիլիթ Աղեկյանին մեղսագրված արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքների վերաբերյալ վարույթների շրջանակներում վերջինիս նկատմամբ կիրառված առավել մեղմ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ի զորու չի եղել ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և վերջինս, ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իմանալով իր պարտականությունների մասին, կրկին կատարել է արդարադատության շահերի և հասարակական կարգի դեմ ուղղված առերևույթ հանցանքներ, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, հաստատել է Լիլիթ Աղեկյանի կողմից առերևույթ հանցանքներ կատարելու հիմնավոր կասկածը, ինչպես նաև գնահատելով ներկայացված քրեական վարույթի նյութերը, որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Կարծիքներ