Ապօրինի ձեռնարկատիրության հետևանքով պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ:
Երևանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել: Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա և մեկ մանսարդային հարկ: Սակայն ընկերության տնօրենը, լիցենզիա ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. չպարզված աղբյուրներից շինանյութեր ձեռք բերելու, նաև առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագիր կնքելու` կանխիկ վարձատրությամբ շինաշխատանքներին անհատների ներգրավելու եղանակով, այսինքն` առանց հաշվապահական որևէ հաշվառում վարելու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը: Բացի այդ, շեղվելով նախագծից` կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք՝ ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։
Կարծիքներ