ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ
«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի, «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի և ցուցահանդեսի բացման արարողություններին, ինչպես նաև ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։
Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա քայլերի շուրջ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի և «Բանակ-2020» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բացման արարողությունից հետո, զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների հետ և հաջողություններ մաղթել մրցույթներում:
Կարծիքներ