Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում. Արմեն Գրիգորյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ռուսական մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար, հերքեց դրանք:
«Ընդհանրապես, վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում: Բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին, նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ, և ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»,- հայտարարեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում այս օրերին անցկացվող ակցիաներին, ԱԽ քարտուղարի խոսքով, ցույցերի կազմակերպիչները ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի գործողություններ կատարելու իրենց իրավունքը օրենքի ու օրինականության շրջանակներում, ու դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:
«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը։ Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,- նշեց նա:
Անդրադառնալով տեղեկություններին, թե Հայաստանը կենսաանվտանգության հետ կապված խնդիրներ ունի, Գրիգորյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը, և այդ խումբը համակարգում է ինքը:
«Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է բոլոր միջազգային գործընկերների հետ, աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան, և այդ մասնագետների բարձրացրած բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ: Այս համատեքստում ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն ու միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:
Վերջինս նաև հայտնեց, որ վերջերս Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը, և հայկական կողմը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը շարունակում է կենսաանվտանգության հարցերով համագործակցել բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավվեն երկրի կարողությունները տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում:
Կարծիքներ