Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ին ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամին է համարում
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ին իր երկրի գլխավոր թշնամին է համարում, ուստի մտադիր է շարունակել կատարելագործել միջուկային զինանոցը: Նա ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Փհենյանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ընդ որում, ըստ «Ռենհապ»-ի, Հյուսիսային Կորեայի ղեկավարն ենթադրել է, որ անկախ նրանից, թե ով է նախագահում այդ երկրում, ԱՄՆ քաղաքականությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ չի փոխվի: Բացի այդ, Կիմ Չեն Ընը խոստացել է առաջինը միջուկային զենք չօգտագործել:
«Նա հայտարարել է, որ երկիրը պետք է ուժեղացնի իր բանակը եւ միջուկային զինանոցը, քանի որ ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ ներխուժման ռիսկը մեծանում է»,- գրում է «Ռենհապ»-ը:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ սա Կիմ Չեն Ընի առաջին մեկնաբանությունն է ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալու կապակցությամբ:
Կիմ Չեն Ընը հայտնել է նաեւ ԿԺԴՀ-ում միջուկային սուզանավի նախագծմանը նախապատրաստման ավարտի մասին:
Վերջապես, նա Սեուլին կոչ է արել կատարել Փհենյանի հետ երկկողմ համաձայնագրերի իր մասը: Առանց դրա, ըստ Կիմ Չեն Ընի, անհնար կլինի կայունության հասնել Կորեական թերակղզում:
Կարծիքներ