Ադրբեջանի քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ. Արմեն Գրիգորյանը՝ Դուշանբեում
«Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին հանդես եմ եկել ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հավաքական նվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ներկայացրել եմ Կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա: Նշել եմ, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և, ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը ընդգծել եմ, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:
Նշել եմ, որ չնայած այս բարդություններին՝ Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը, և այս համատեքստում կարևորել Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խաղաղ գործընթացի վերսկսումը: Հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:
Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ հայտնել եմ, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունակականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:
Այդ թվում՝ կարևորել եմ ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը»,- նշված է ԱԽ քարտուղարի գրառման մեջ:
Կարծիքներ