Վերանայվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերը
Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու և այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով` փոփոխությունները կնպաստեն մեր պետությունում ներդրված կարևորագույն ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը. հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից բացի` այդ հասկացության շրջանակում կներառվեն նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք:
«Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սեփական նախաձեռնությամբ որոշ անձանց նկատմամբ սկսել ուսումնասիրության վարույթ»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ խոսքը պաշտոնատար այն անձանց մասին է, որոնք օրենքով պարտավոր են ներկայացնել հայտարարագիր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, ինչպես նաև ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը, առաջարկվում է վարույթների ուսումնասիրության ժամկետ նախատեսել երեք տարի` երկու տարվա փոխարեն:
Մեկ այլ բովանդակային փոփոխությամբ` եթե փորձագետը փաստի, որ հնարավոր չէ պարզել գույքի շուկայական արժեքը, ապա վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն կընձեռվի այդ գույքի շուկայական արժեքի չափով գումարի փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքով գումար:
Եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն կունենա պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:
Նախագծով առաջարկվում են նաև տեխնիկական այլ փոփոխություններ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը տեղեկացրել է, որ դատարան ուղարկված 9 հայցադիմումից 8-ն արդեն ընդունվել են վարույթ: Դրանց մասով ակնկալվում է բռնագանձել 43 մլրդ դրամի չափով գումար:
Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:
Կարծիքներ