Եվրասիական զարգացման բանկի նախագծերը նպաստում են ԵԱՏՄ տնտեսական առաջընթացին. Միշուստին
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) նախագծերը նպաստում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) չորս ազատությունների` ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի տեղաշարժի ազատության ակտիվ իրականացմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«[ԵԱՏՄ] Միությունը բավականին ակտիվ է աշխատում, հայտարարված բոլոր չորս ազատությունները` ապրանքների, ծառայությունների, աշխատանքի եւ կապիտալի տեղաշարժի ազատությունը, իրականացվում են, այդ թվում` բանկի [Եվրասիական զարգացման բանկ] մասնակցությամբ»,- ասել է Միշուստինը:
Նա նշել է, որ Պոդգուզովի հետ հանդիպումը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության այս տարվա առաջին միջկառավարական խորհրդի նախօրեին: «Շատ կարեւոր է, որ դուք զբաղվում եք մեծ թվով նախագծերով` ենթակառուցվածքային, լոգիստիկ, էներգետիկ, եւ աշխատում եք, ինչպես եւ հռչակում է ձեր առաքելությունը, որպեսզի միության երկրներից յուրաքանչյուրի տնտեսությունն ավելի ակտիվ զարգանա, ինչպես եւ միությունն ինքնին»,- հավելել է վարչապետը:
Հանդիպման ընթացքում Պոդգուզովը զեկուցել է բանկի աշխատանքի արդյունքների, դրա ծրագրերի, այդ թվում` թվային նախաձեռնությունների ֆոնդի մասին, որը նաեւ զբաղվում է ԵԱՏՄ տարածքում թվային տնտեսությանն առնչվող մեծ թվով նախագծերով:
Կարծիքներ